Պլանի գլխի ծննդատանն եմ ծնվել: Այդ օրն աշխատանքային չէր, քանի որ այն ժամանակ դեկտեմբերի 5-ին նշում էին սահմանադրության օրը:
Մեծացել եմ Փարպեցու փողոցի վրա գտնվող շենքում, որը կառուցվել է 1927 թվա-կանին պետական համալսարանի առաջին պրոֆեսորական կազմի համար: Այժմ էլ բնակվում եմ այդ նույն բնակարանում մայրիկիս, կնոջս ու երկու երեխաներիս` Անդրեասի ու Անաիսի հետ:
Կնոջս հետ «ԱրտԷքսպո»-ի ընթացքում եմ ծանոթացել, իսկ ամուսնության առաջարկ արել եմ իմ անձնական ձայնագրման ստուդիայում, որն իմ բնակարանում է:
Մեր բակում թթենիներ կային` ամբողջ մանկությունս դրանց վրա է անցել: Մեծ տոն էր բակի համար, երբ ծառը թափ էինք տալիս ու թութ ուտում:
6 տարեկանից սպորտով եմ զբաղվել` լողով, բասկետբոլով, թենիսով, կարատեով, ձյուդոյով, բայց ֆուտբոլ երբեք չեմ սիրել ու չեմ խաղացել: Ի դեպ, վկայական ունեմ, որ ես պրոֆեսիոնալ լողորդ եմ, մարզիչ ու դատավոր:
Թումանյան փողոցից 7-րդ համարի տրոլեյբուսով Ձերժինսկու անվան թիվ 20 դպրոցն էի գնում:
14 տարեկանից կիթառ էի նվագում, իսկ 17 տարեկանից սկսեցի ինքնուրույն ստեղծագործել:
Բժշկական համալսարանում սովորել պարտավորված էի, այլ տարբերակ չկար: Մեր ընտանիքում արմատացած էր այն միտքը, որ ես պետք է շարունակեմ պապիս գործը: Փայլուն կատարեցի բոլոր պարտավորվածություններս:
Երաժշտությանը մարդ բնազդաբար է գնում, բայց կյանքի ճանապարհ փոխելը գիտակցված որոշում էր: Կոմիտասի անվան կոնսերվատորիա ընդունվեցի, երբ բժշկականի օրդինատուրայում էի ու կուրսից կուրս թռնելով՝ ավարտեցի վոկալ բաժինը` աշխարհահռչակ Գոհար Գասպարյանի դասարանը:
1984 թվականին Բժշկական համալսարանի 7-րդ լսարանում ներկայացրի ստեղծագործություններս՝ մոտ 17 ունկնդիր ունեի: Հենց սա էլ համարում եմ առաջին բեմելս: Պատկերացնո՞ւմ եք, հաջորդ տարի նշելու եմ բեմական գործունեությանս 30-ամյակը:
Արթուր Մեսչյանի հետ հանդիպումն ու ծանոթությունը շատ մեծ դեր խաղացին իմ կյանքում: Ես ու մտերիմ ընկերս՝ Գուրգենը, գնացել էինք Մեսչյանի` բանասիրական ֆակուլտետում կայացած համերգին: Խորհրդային արգելքներից հետո առաջին համերգն էր: Վերջում մոտեցա ու ներկայացրի ստեղծագործություններս Արթուրին: Հաջորդեց առաջարկ՝ նվագել իր հետ: Դա երկար համագործակցության սկիզբը դարձավ:
Երբ հետ ես պտտում ժամանակը, հասկանում ես, որ շատ հետաքրքիր տրամաբա-նություն ու զուգահեռներ կան մեր կյանքի ու քաղաքի պատմության մեջ: Պետք է իմանաս քաղաքիդ պատմությունը, որ հասկանաս ու սիրես:
Քաղաքը, որպես մտավորականության կենտրոն, շնչում էր: Լավ թե վատ, հետևո-ղական, թե ոչ, բայց 20-ական թվականներից մինչև ազատ և անկախ Հայաստան մենք քաղաքաշինական և երկրի քաղաքացու ձևավորման առումով որոշակի վեկտորով էինք շարժվում: Բացվում էին նոր պատկերասրահներ, մշակութային կենտրոններ, համերգասրահներ, գրադարաններ: Այսօր Երևանը գորշագույն է դարձել, հակառակ ուղենշով է զարգանում` քանդելով նախկին իրականությունները: Բոլոր գործընթացները միտված են քանդել այն էությունը, որն ի սկզբանե դրվել էր մեր քաղաքը կառուցողի նախագծում: